Ապրիլյան պատերազմից հետո քաղաքական, փորձագիտական շրջանակներում, աշխարհաքաղաքական կենտրոններում համարում էին, որ արցախյան բանակցային գործընթացն արագացված է ընթանալու։ Իսկ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բանակցային գործընթացները, այդ զարգացումներում Մոսկվայի դոմինանտ դեր ստանձնելն ու ՌԴ, այսպես կոչված, մաքոքային դիվանագիտությունը, պաշտոնական Մոսկվայի ներքո հանդիպումները հուշում էին, որ բոլորին ձեռնտու լուծումը, կարծես թե, մոտ է։ Առավել ևս, ժամանակ առ ժամանակ աշխարհաքաղաքական կենտրոնների ներկայացուցիչներն էլ (մասնավորապես ՌԴ ԱԳ նախարար Լավրովը) ազդարարում էին, որ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խնդրի լուծմանը։
Այս ազդակները հուշում էին, որ բանակցային կողմերը կարծես թե ինչ-որ որոշման են հանգել։ Վիեննայի հանդիպումից հետո շատերը նույնիսկ կարծիք էին հայտնում, թե կողմերը ստացել են տնային առաջադրանք՝ պատրաստել իրենց հասարակություններին, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների շրջանակում հարցը լուծելուն։ Այս սկզբունքների գլխավոր կետերը վաղուց ապագաղտնիացվել են, և բոլորին հայտնի է, որ այն նախատեսվում է իրականացնել փուլային տարբերակով, ըստ որի, առաջին քայլով Հայաստանը վերադարձնում է ազատագրված բուֆերային տարածքները, իսկ վերջին կետը, ըստ պլանի, պետք է լինի Արցախում ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ հանրաքվեի անցկացում ապագա կարգավիճակի որոշման համար։
Թվում էր՝ գործընթացն իրատեսական է։ Մանավանդ որ, և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այդ կապակցությամբ զոնդաժ էր արվում, և փորձում էին հասարակություններին ինչ-որ ձևով ինչ-որ բան հասկացնել ու պատրաստել հնարավոր լուծումներին։ Առաջին քայլերից մեկն այն էր, որ միջազգային կազմակերպությունները ևս մեկ անգամ բացեցին կարգավորման ծրագրի բոլոր փակագծերը, որի շուրջ ընթանում էին բանակցությունները։ Փաստ է, որ հայաստանյան հասարակության մի մասը և առանձնապես արցախյան ռազմաքաղաքական էլիտան բավականին սուր ընկալեցին դա: Իսկ 2016 թ. հուլիսին «Սասնա ծռերի» հայտնի ապստամբությունից հետո գործընթացն արգելակվեց։ Չի բացառվում, որ Հայաստանի իշխանություններն օգտվեցին ստեղծված իրավիճակից՝ ցույց տալու համար, որ, այնուամենայնիվ, հայաստանյան, առավել ևս ղարաբաղյան հանրությունը նման լուծումներին կողմնակից չեն։ Այնուհետև Հայաստանում մեկնարկեցին ընտրական գործընթացները։ Սովորաբար ցանկացած բանակցային գործընթացում նախընտրական շրջանը համարվում է փակ պատուհանի ռեժիմ։ Որպես կանոն, այդ շրջանում որևէ իշխանություն չի գնում բանակցությունների, քանի որ բանակցությունները միշտ էլ ենթադրում են կոմպրոմիս, փոխզիջումային լուծումներ, որոնք շատ դեպքերում ոչ պոպուլիստական են լինում և իշխանություններին կարող են վնաս հասցնել ընտրական գործընթացներում։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ դեռևս 2011 թ. կազանյան բանակցությունների ժամանակ համաձայնություն էր տրվել այս ծրագրին, և առաջ գնալու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է, որը, ըստ էության, միշտ էլ վերջնական փուլում հրաժարվում է ճանապարհի իր մասն անցնելուց։ Հասկանալի էր, որ միջազգային հանրությունը, գրեթե բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք շահագրգիռ են, որ բանակցային գործընթացը մեռյալ կետից շարժվի, ըմբռնումով էին մոտենում Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը։ Ըստ էության, մենք տեսանք, որ ընտրությունների ժամանակ էլ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրամիությունը, թե՛ Ռուսաստանը, բավականին լոյալ վերաբերվեցին հայաստանյան ընտրություններին՝ բարձր գնահատական տալով և լեգիտիմացնելով այն։ Այստեղ, իհարկե, ակնհայտ էր` միջազգային հանրությանը, ուժային հիմնական կենտրոններին ձեռնտու է, որ նոր իշխանությունները լինեն առավելագույնս լեգիտիմ, հանրության վստահության լուրջ տոկոս ունենան, որպեսզի բանակցային գործընթացներում նահանջելու պատրվակ չունենան՝ ցույց տալով, թե իրենք իբր չեն տիրապետում հայաստանյան իրավիճակին։
Միջազգային կենտրոնները ընտրություններում Հայաստանի իշխանություններին շնորհեցին լեգիտիմություն, ուստի վերջիններս գոնե այս առումով մանևրելու հնարավորություններ առանձնապես չունեն։ Իհարկե, եթե հաշվի չառնենք այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, նաև առաջ կքաշեն Լևոն Տեր-Պետրոսյանի ուժի քաղաքական ֆիասկոն, որը, ըստ էության, այս ընտրություններում հանդես էր գալիս որպես միջազգային կազմակերպությունների, ուժային կենտրոնների գաղափարներն առաջ տանող ուժ և ասում էր այն, ինչ Հայաստանի իշխանություններից պահանջում են Մինսկի խմբի համանախագահող երկրները, միջազգային հանրությունը։ Այստեղ, նույնիսկ նման լեգիտիմության պայմաններում, Հայաստանի իշխանությունները կարող են օգտագործել այն փաստը, որ Հայաստանում ընդամենը 1,5 տոկոսից մի փոքր ավելի մարդ կողմ քվեարկեց Մադրիդյան սկզբունքների պլանին։
Բանակցային գործընթացը մտնում է նոր փուլ. բանակցային պատուհանը բացվում է, և այն, ինչ չեն ցանկանում անել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները` նախապատրաստել իրենց հանրություններին, փորձում են անել բանագնացները կամ այն ուժերը, որոնք ինչ-որ չափով համարվում են ադրբեջանամետ կամ հայամետ լոբբիստական ուժեր։ Վերջին օրերին դրա վառ արտահայտությունը եղավ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ, Ռուսաստանի արտաքին հետախուզության նախկին պետ և նախկին փոխարտգործնախարար Տրուբնիկովի հարցազրույցը, ինչպես նաև Եվրասիական նախագծի գաղափարախոսներից մեկի՝ Դուգինի այցելությունը Բաքու ու նրա տված հարցազրույցը։ Այդ նյութերում բավականին հետաքրքիր ուղերձներ կան, որոնք հիմնականում նախապատրաստում էին Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին բանակցային ապագա նոր փուլին և փոխզիջումներին։ Որևէ նոր բան, ընդհանուր առմամբ, կարծես թե չկա այդ ամենում, սակայն Դուգինը, ըստ էության, Ադրբեջանում շեշտադրեց, որ հետխորհրդային տարածքի երկրներում տարածքային ամբողջականության երաշխավորի դերում սովորաբար հանդես է գալիս Ռուսաստանը։ Օրինակ բերելով փաստը, որ այն երկրներում, որտեղ Ռուսաստանի հետ համագործակցություն կա, և փորձում են Ռուսաստանին շրջանցել ու դուրս գալ վերջինիս ազդեցությունից, սովորաբար տարածքային ամբողջականությունը չի պահպանվում։ Հասկանալի է, խոսքը վերաբերում է և՛ Վրաստանին, և՛ ՈՒկրաինային։ Ըստ էության, սա հատուկ ուղերձ էր թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Իհարկե, Դուգինն ուղղակիորեն ասաց, որ ըստ Լավրովի պլանի, Ռուսաստանի տեսանկյունից Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Նա հայտարարեց, որ Հայաստանն ազատագրված 7 շրջանից առնվազն 5-ը պետք է վերադարձնի Ադրբեջանին։ Դուգինը նշում է, որ գոնե այս փուլում հիմնական թեման սա է։ Սա, փաստորեն, իրավիճակի մեղմացում է, քանի որ մինչ այս խոսքը կա՛մ բոլոր, կա՛մ 6 շրջանների հանձնման մասին էր։
Տրուբնիկովի պարագայում միանգամից ասվեց, որ Արցախի չճանաչված կարգավիճակը բերում է, այսպես ասած, հոգեբանական դիսբալանսի կողմերի միջև։ Ըստ նրա` Բաքվում պետք է ընկալեն, որ, ամենայն հավանականությամբ, Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու որևէ հնարավորություն այլևս չկա։ Այս տեսակետից հարցը պետք է լուծված համարել, բայց դրա դիմաց պետք է լինի փոխհատուցող ինչ-որ լուծում։ Եվ, որպես փոխհատուցում, դիտարկվում է շրջանների վերադարձն ու Նախիջևանից դեպի Ադրբեջան միջանցքի բացումը։ Ինֆորմացիոն այս արտահոսքով և՛ Ադրբեջանին, և՛ հայկական հանրությանը նորից փորձում են նախապատրաստել, որովհետև պետք է հասկանան, որ ինչ-որ մի բան ինչ-որ մի բանի դիմաց պետք է զիջեն։ Բայց հատկանշական է, որ Տրուբնիկովը համոզմունք է հայտնում, որ «առանց բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության որևէ հարցի կարգավորում չի լինի»:
Միևնույն ժամանակ Տրուբնիկովն ասում է, որ հայկական կողմի համար այդ 7 շրջանների հարցը ճնշման լծակ է, բնականաբար, հայկական կողմը մինչև վերջ փորձելու է փաթեթային լուծման գնալ, որպեսզի ամեն ինչ միաժամանակ լինի, և հակադրություններ հանրության մեջ չլինեն։ Փորձագիտական և քաղաքագիտական այս ակտիվության ֆոնին հատկանշական են նաև ռուս հայտնի քաղաքագետ, ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչ համարվող Սերգեյ Մարկովի հարցազրույցի որոշ դրույթները: Վերջինս ադրբեջանական կայքերից մեկին հայտնել է հետևյալը. «Ըստ նոր բանակցային բանաձևի՝ Հայաստանը պետք է ազատի 5 շրջանները, Ադրբեջանը և Թուրքիան պետք է բացեն բոլոր կոմունիկացիաները, իսկ Ղարաբաղի կարգավիճակը կքննարկվի բանակցությունների հետագա փուլերում»: Այսպիսով առնվազն կարող ենք փաստել, որ այսօր արդեն բանակցային սեղանին 7 շրջանների փոխարեն 5 շրջանների վերադարձի հարցն է դրված: Հայաստանում հասարակության ամենագլխավոր խնդիրներից մեկն այս է, լավ, շրջանների հիպոթետիկ հանձնման պարագայում ի՞նչ է տալու Ադրբեջանը։ Ընդ որում, հենց հիմա և ոչ թե տարիներ անց, երբ աշխարհում ամեն ինչ շատ արագ է զարգանում։
Ամենայն հավանականությամբ, շատ շուտով բանակցային պատուհանի բացվելուն պես սկսվելու են բավականին ծանր և առարկայական խոսակցություններ, քանի որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի պարագայում, կարծես, պաշտոնական Վաշինգտոնն առայժմ առանձնապես տրամադրվածություն չունի ակտիվ գործելու Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտիներում։ ՈՒստի, ուզեն թե չուզեն, Հայաստանում և Ադրբեջանում այդ գործընթացի մոդերատորի հիմնական համակարգողը դառնում է Ռուսաստանը։ Վերջինս էլ փորձելու է ինչ-որ արդյունք արձանագրել, ընդ որում, չկորցնել ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ ազդեցությունը, բայց նաև չվանել ռազմավարական դաշնակից Ադրբեջանին և իր ազդեցության ոլորտն է՛լ ավելի մեծացնել վերջինիս հետ հարաբերություններում։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ